ՀՀ ԱԽ քարտուղարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը:
Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, Վախթանգ Գոմելաուրին իր հայ գործընկերոջը ներկայացրել է Վրաստանի ազգային անվտանգության ճարտարապետությունը և ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև Ուկրաինայում ընթացող գործընթացները։
«Ընդգծվել է հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության և համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում տարածաշրջանային երկխոսության զարգացման կարևորությունը։
Վախթանգ Գոմելաուրին և Արմեն Գրիգորյանը խոսել են նաև երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության խորացման կարևորության մասին»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Գիվի Թումանիշվիլին, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Ղիբրաձեն, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանը և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։
Մինչ այդ, ՀՀ ԱԽ քարտուղարին ընդունել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ