Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունն իրավիճակի լրջության ցուցանիշ է․ Չավուշօղլու
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը եւ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում ու Զապորոժիեում հանրաքվեները իրավիճակի լրջության ցուցանիշ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով, պատերազմի առաջին օրերին կողմերն ավելի մոտ էին կարգավորմանը, իսկ մարտին Ստամբուլում կայացած հանդիպմանը նույնիսկ մի շարք փաստաթղթեր էին փոխանակել։ «Այսօր իրավիճակը տեղում բոլորովին այլ է։ Որքան երկար է պատերազմը շարունակվում, այնքան ավելի դժվար է լուծում գտնելը։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը դեռ միակ ելքն են ստեղծված իրավիճակից»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ Անկարան նախկինում քննադատության է ենթարկվել մի շարք երկրների կողմից՝ Ուկրաինայում միջնորդական ջանքերի պատճառով։ «Սակայն այսօր մեծամասնությունը, հատկապես ուկրաինացիները, համաձայն են, որ պատերազմի երկարաձգումը կվնասի բոլոր կողմերին»,- ասել է թուրք նախարարը։