Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել որդու՝ զորահավաքից խուսափողական պահվածքը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել իր որդու՝ Նիկոլայի դիրքորոշումը զինկոմիսարիատում հայտնվելու վերաբերյալ՝ երկրում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության ֆոնին։
Սեպտեմբերի 21-ին լրագրողները հրապարակեցին Պեսկովի որդու՝ Նիկոլայի հետ զրույցի մի հատված, որում նրանք ներկայացել էին՝ որպես զինկոմիսարիատի աշխատակիցներ, և հայտարարել էին հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին կոմիսարիատ ներկայանալու անհրաժեշտության մասին։ Զրույցի հրապարակված հատվածում Պեսկովի որդին հրաժարվում է այցելել զինկոմիսարիատ և խոսում է հարցը «այլ կերպ» լուծելու իր ծրագրերի մասին։
«Ես գիտեմ այդ մասին և գիտեմ, որ զրույցի ամբողջական տեքստը չի հրապարակվել», - ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի հրապարակված երկխոսությունը։
Մամուլի խոսնակի խոսքով՝ որդու դիրքորոշումն ինքը չի մեկնաբանի։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ առաջինը մոբիլիզացվում են մարտական փորձ ունեցող պահեստազորայինները։