Թշնամին «քթներիս» տակ է, հերիք չէ, ինժեներական աշխատանքներ է կատարում առաջացած դիրքերում․ Նորաբակի ղեկավար
Հասարակություն
Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայից մեծապես տուժած համայնքներից մեկն էլ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորաբակ գյուղն է, որի մատույցներում թշնամին, ըստ տարածված տեղեկությունների, զգալիորեն առաջխաղացում է ունեցել․
«Ադրբեջանցիները բավականին առաջ են եկել և մոտեցել գյուղին։ Թշնամին, հերիք չէ, «մեր քթների տակ» է, ակտիվ շինարարական և ինժեներական աշխատանքներ է կատարում առաջացած դիրքերում, ավելի՛ն, զորքի թվաքանակի ավելացում է նկատվում»,-նշեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցը հավաստիացրեց, որ այս պահին կրակոցներ չկան և վիճակը հարաբերականորեն կայուն է։
Ինչ վերաբերում է գյուղին պատճառված վնասներին և բնակչության տեղաշարժին՝ Ասատրյանն ասաց․
«Մարզային իշխանությունները դեռ համախատասխան գույքագրում, ուսումնասիրություն չեն կատարել, երևի՝ մեզ էլ հերթը հասնի։ Ընդհանուր առմամբ, վնասվել են գյուղի հարակից տարածքների խոտհարքները, վարելահողերը և այլն։ Գյուղացիների խոտի տունկերը կապած, պատրաստ են եղել, բայց, կրակոցների հետևանքով, այրվել են ամբողջությամբ։ Նախքան Ադրբեջանի վերջին հարձակումները՝ գյուղն ուներ 140 բնակիչ, այս պահին՝ հազիվ 100 հոգի է մնացել»։
Պաշտոնյան նշեց նաև, որ դասապրոցեսը դեռևս չի մեկնարկել, չնայած ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանին։ Պատճառը, ըստ Նորաբակի վարչղեկավարի, երեխաների՝ գյուղում չգտնվելու փաստն է։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան