Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նրա լիազորությունները դադարեցվել են
ԻրավունքԲարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով (ԲԴԽ-ն արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը), 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (դատավորի լիազորությունները դադարում են, եթե` նա հրաժարական է ներկայացնում) և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է
1. 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»: