Զարեհ Սինանյանը Դանիել Քյուրքջյանի հետ քննարկել է հայկական շահերի պաշտպանությանը նվիրված հարցեր
ՀայաստանՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
«Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,-նշել է Դանիել Քյուրքջյանը:
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ֆրանսահայերի խորհրդի պետականամետ գործունեությունը: «Ինչպես գիտեք, հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին կմասնակցեն 40-ից ավելի երկրներից ժամանած սփյուռքահայեր, և կքննարկվեն համահայկական հետաքրքրության հարցեր: Ֆրանսահայերի խորհուրդը սիրով հրավիրված է ինչպես մասնակից, այնպես էլ բանախոս հանդես գալու նպատակով»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ ուղղություններ: