ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումները
ԻրավունքՍեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում: Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին: Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը: Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին: ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը: