Թուրքիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում. Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում և կմատակարարի բոլոր անհրաժեշտ զինատեսակները կղզու օկուպացված հյուսիսային հատվածին՝ կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փամուկքալեի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ ասել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու կղզու թուրքական համայնքի շահերը։
«Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը կանգնի մեր ճանապարհին, Թուրքիան չի շեղվի իր դիրքորոշումից և կպաշտպանի իր շահերը Կիպրոսում, ինչպես նաև Էգեյան և Միջերկրական ծովերում»,- ընդգծել է նախարարը։
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը վերացրել է Կիպրոսի Հանրապետությանը զենքի մատակարարման էմբարգոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջին զրույցի ժամանակ նա առաջարկել է, որ «ցանկության դեպքում ֆինանսական օգնություն ցուցաբերել կիպրահույներին, բայց ոչ զենք մատակարարել՝ բացահայտ հարցնելով` «Ո՞ւմ դեմ եք զինում»»: