Նախատեսվում է թարմացնել Երևան համայնքի ավտոպարկը. Հրաչյա Սարգսյան
Հասարակություն
Երևան համայնքի ավտոմեքենաների պարկը կթարմացվի: Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին այդ մասով աշխատակազմի կողմից վերլուծություն է իրականացվում:
«Մեր մոտեցումն է, որ ավտոմեքենաների պարկը պետք է թարմացվի, քանի որ այն ծախսը, որն իրականացնում ենք ավտոմեքենաների, դիզվառելիքի և սպասարկման վրա, ավելի թանկ են, քան մենք ձեռք ենք բերում նոր ավտոմեքենաները: Մենք դա պետք է փուլային տարբերակով իրականացնենք»,-ասաց քաղաքապետը` հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում բավականին մեծ թվով ավտոմեքենաներ կան, որոնք դեռ խորհրդային ժամանակաշրջանից են:
«Այս պահին գույքագրումն իրականացվել է, և նախատեսում ենք այդ ավտոմեքենաների օտարումն իրականացնել որպես ջարդոն և այդտեղից ևս կունենանք համապատասխան միջոցներ»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)