ԵՄ-ն ռեսուրսներ չունի տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դեմ պայքարելու համար․ Բորել
ԱշխարհԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չունի բավարար ռեսուրսներ տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դեմ պայքարելու համար՝ համաշխարհային շուկայում պարենային մատակարարումների շուրջ հակասությունների ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսական քարոզչամեքենան շատ հզոր է, նրանք իրական արդյունաբերություն ունեն այդ առումով, մենք չունենք այնքան ռեսուրսներ, որքան նրանք ունեն», - ասել է Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորի հարցին, թե ինչու համաշխարհային շուկա հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը խթանելու ԵՄ ջանքերը բավարար չափով չեն գնահատվում աշխարհի այլ տարածաշրջաններում:
Ինչպես նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, Եվրամիությունը փորձում է պարզաբանել, որ սննդամթերքի արտահանման դեմ պատժամիջոցներ չեն մտցվել, հետևաբար Բրյուսելը պատասխանատվություն չի կրում մատակարարումների խախտումների համար։
«Սա պայքար է տեղեկատվական մանիպուլյացիայի և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև պայքար է կոնկրետ աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է Բորելը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն չի մասնակցում հացահատիկի գործարքին, որը նախատեսում է ուկրաինական սննդի անվտանգ արտահանում սևծովյան նավահանգիստներից, սակայն եվրոպական երկրները կազմակերպել են մոտ 15 միլիոն տոննա պարենի արտահանում ԵՄ-ի և Ուկրաինայի ցամաքային սահմաններով։