Պեսկովը հնարավոր է համարել Էրդողանի ու Ասադի հանդիպումը Ռուսաստանում
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեսականորեն կարող է կայանալ Ռուսաստանում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, սակայն նման պայմանավորվածություններ դեռ չկան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ կարող է հանդիպել իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ՝ չնայած այս երկրում Անկարայի ռազմական գործողությանը։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սիրիայում ռամզական գործողության մեկնարկի մասին։ Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը։
Էրդողանը ասել է, որ Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները «միայն սկիզբն են»։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան հաստատակամ է սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում։