Հռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսի և կարդինալ Անջելո Բեչչուի միջև հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է, ինչպես պարզվել է վերջինիս շուրջ ընթացող դատական գործընթացի ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հաղորդվում է, որ դատարանը լսել է Ֆրանցիսկոսի և կարդինալ Բեչչուի զրույցի ձայնագրությունը։ Ինչպես հայտնի է դարձել, ձայնագրությունն արվել է մեկ այլ անձի կողմից, շփումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 24-ին, երբ Բեչչուն արդեն հեռացվել էր աշխատանքից և մեղադրվել յուրացումների մեջ։
Զրույցի ընթացքում կարդինալը խնդրել է Պապին հաստատել, որ նա թույլատրել է վճարումներ՝ օգնելու ազատել Աֆրիկայում առևանգված միանձնուհուն։ Վճարումները պետք է կատարվեին Բեչչուի անվտանգության հարցերով խորհրդատուի միջոցով (որը նույնպես մեղադրվում է յուրացման մեջ) բրիտանական Inkerman Group ընկերությանը։ Վերջինս էլ իր հերթին պետք է օգներ 2017 թվականին Մալիում իսլամական գրոհայինների կողմից առևանգված միանձնուհու ազատ արձակմանը:
Վճարված գումարները, ըստ կարդինալի, եղել են 350.000 եվրո բրիտանական ընկերությանը և 500.000 եվրո փրկագին միանձնուհու համար։ Ըստ արձանագրության՝ Պապը պատասխանել է, որ աղոտ կերպով է հիշում, թե ինչի մասին է խոսքը, և խնդրել է Բեչչուին գրավոր ներկայացնել խնդրանքը։