ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ հակաահաբեկչական զորավարժությունների համատեղման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Լեբեդև
ԱշխարհԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը պատմել է, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների անվտանգության փորձագետները կարողացել են համաձայնության գալ համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու շուրջ: Այս մասին Լեբեդեւը հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ակտիվացել է աշխատանքը ԱՊՀ շրջանակում անվտանգության ապահովման ոլորտում։ Մենք ուժեղացրել ենք փոխգործակցությունը նմանատիպ հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների հետ՝ ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Պայմանավորվել ենք անցկացնել ինչպես անվտանգության ոլորտում միջազգային փորձագետների համաժողով, այնպես էլ անվտանգության ապահովմանն ուղղված որոշ զորավարժություններ, մասնավորապես՝ հակաահաբեկչական զորավարժություններ»,-ասել է նա։
«ԱՊՀ երկրների ներսում տարաձայնություններից օգտվում են արտաքին ուժերը, որոնք ակտիվացրել են իրենց գործունեությունը»,-նշել է Լեբեդեւը։