Ձմռան համար արդեն պահեստավորվել է 6 հազար տոննա աղ. Անհրաժեշտ է 12 տոննա
ՀասարակությունՄայրաքաղաքում ավարտվել է աշնանային էտը: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ:
Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:
Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է:
Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա պահեստային 6 կետից: Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերամասնագիտացվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման գործընթացին կմասնակցի 81 միավոր մեքենասարքավորում: