Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Տաշիր), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
«Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։