Պուտինն օրենք է ստորագրել ԼԳԲՏ քարոզչության ամբողջական արգելքի մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։
Ստորագրված փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում և Ռուսաստանի Դաշնության որոշ օրենսդրական ակտերում:
Նոյեմբերի 30-ին Դաշնության խորհուրդը հաստատել էր Ռուսաստանում ԼԳԲՏ քարոզչությունը, ինչպես նաև սեռափոխությունը և մանկապղծությունն արգելող օրենքների փաթեթը։
Փաստաթղթի համաձայն, ԼԳԲՏ հարաբերությունների քարոզչության համար տուգանքը կարող է լինել մինչև 100 հազար ռուբլի, պաշտոնյաների համար՝ մինչև 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար նախատեսված է մինչև 1 միլիոն ռուբլի պատիժ: Համացանցում կամ լրատվամիջոցներում նման հարաբերությունների պրոպագանդայի համար կարելի է ստանալ առավելագույն դրամական տույժ՝ մինչև 5 միլիոն ռուբլի տուգանք:
ԼԳԲՏ քարոզչության, սեռափոխության և մանկապղծության արգելքը կտարածվի ֆիլմերի, գրքերի, գովազդի, լրատվամիջոցների հրապարակումների և համակարգչային խաղերի վրա։
Մինչ այս արգելվում էր ԼԳԲՏ քարոզչությունը միայն անչափահասների շրջանում։