«Ավինյանը մեզ խաբեց». Վարդաշենի հանրակացարանի բնակիչների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց Վարդաշեն 6-րդ փողոցի 68Ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում։
Բնակիչները պահանջում են լուծել իրենց խնդիրը, ապահովել բնակարաններով, այլապես շարունակաբար ակցիաներ են իրականացնելու, վրաններ են տեղադրելու քաղաքապետարանի դիմաց, մնան այնտեղ այնքան, մինչև իշխանություններն իրենց խոստումները կատարեն։
«Հնարավոր չէ ապրել․ գյուրզա ենք սատկացրել բակում։ Փաշինյանն էլ էր ասել, որ մինչև 2025 թվականը ոչ մի հանրակացարան չի լինելու, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում»,- ասում է շենքի տարեց բնակչուհին։
Ավելի ուշ բնակիչների հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը։
Նա նշեց՝ քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու հանրակացարանի, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։ Այդ հատկացումները պետք է կառավարությունն անի։
Բնակիչներին պատասխանը չբավարարեց, նրանք որոշեցին շարունակել բողոքի ակցիան։
