«Գաք Մարգարայի անցակետ, ի՞նչ անեք», «Միայն թուրք լրագրողների՞ն եք տանում այնտեղ» (տեսանյութ)
ՔաղաքականՊետական եկամուտների կոմիտեն լրագրողներին չի տարել Մարգարայի անցակետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ թուրք լրագրողներին տարել են Մարգարայի անցակետ, սակայն հայ լրագրողներին թույլ չեն տալիս գնալ այնտեղ:
«Լրագրողների այցի վերաբերյալ մեզ տեղեկացրել են: Ես տեղյակ չեմ, հայ լրագրողներին դիմե՞լ են, թե՞ ոչ: Դա առանձին հարց է, որ պիտի կառավարությունում քննարկվի և արձագանքենք: Ես նման հարցում չեմ ստացել։ Սահմանային անցակետում մեր գործառույթները սահմանափակվում են մաքսային ծառայության ֆունկցիաներով»,-ասաց նա:
Հարցին՝ եթե հայ լրագրողները ցանկանում են Հյուսիսային մաքսատուն այցելել, էլի պետք է կառավարությա՞նը դիմել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հյուսիսային մաքսատուն գաք, ի՞նչ անեք, դա հարցը։ Եթե մեր տիրույթում հարցեր ունեք, ուզում եք, օրինակ, մաքսային ծառայության գործառույթներին ծանոթանաք, ուզում եք տեսնեք, թե մենք ինչպես ենք աշխատում, մեզ պիտի դիմեք, այո:
Հիմա ձեր անհանգստությունն այն է, որ դուք ասում եք՝ ձեզ թույլ չեն տվել, ես ասում եմ՝ դրանից տեղյակ չեմ, այդ հարցը փակեք: Թուրք լրագրողների դեպքում կառավարության կողմից համապատասխան հարցում ունեցել ենք և դա կազմակերպվել է համարժեք ձևով»:
