Ադրբեջանը նպատակ ունի գոնե ինչ–որ լարվածության օջախ պահել ՀՀ տարածքում․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Ադրբեջանակն կողմի պահվածքը նորություն չէ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար։
«Միշտ էլ, երբ իրենց պետք է, ապատեղեկատվություն տարածել են, և հիմա էլ շարունակում են, ունեն իրենց նպատակները, գոնե ինչ–որ լարվածության օջախ պահեն ՀՀ տարածքում, և դա իրենց հաջողվում է․ մենք հիմա դա ենք քննարկում։ Բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ–ական պատգամավորը նշեց, որ հետևում են սահմանային իրավիճակին՝ ինչ–որ խորությամբ․ «Եթե վտանգ տեսնենք՝ զինված ուժերը վտանգի մասին ոչ միայն խոսում են, այլև անհրաժեշտության դեպքում կկիրառեն իրենց իրավասությունների շրջանակում գործողությունների պլան»։
Քոչարյանը շեշտեց՝ Ադրբեջանը միշտ էլ նախապայմաններ է առաջ քաշելու, բայց նաև հայտարարեց, որ Բաքուն պայմանագրի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։
Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը պարտվել է ոչ միայն 44–օրյա, այլ նաև Քառօրյա պատերազմում․ «Երկուսում էլ պարտվել ենք, և դա արձանագրվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»,– ասաց նա։
