Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար
Քաղաքական
ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը և համաձայնագրի տեքստի ստորագրումը։ Կարծում ենք՝ պետք է հանդիպում տեղի ունենա՝ այդ տեքստը ստորագրելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին երեկվա հայտարարությանը՝ նա ասաց․
«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը կայունություն պահպանելու հանձնարարական ունի։ Բնականաբար, ՀՀ ՊՆ–ը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը»,– հայտարարեց Գրիգորյանը։
Հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի, ի՞նչ ենք անելու, ԱԽ քարտուղարն արձագանքեց․ «Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը»։
Նա նաև նշեց, որ տարբերություն չի տեսնում «համաձայնագրի» և «պայմանագրի» միջև։
