Եվրոպական խորհրդի նախագահը դեմ է արտահայտվել Ուկրաինայում հրադադարին
Աշխարհ
Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստան դեմ է արտահայտվել Ուկրաինայում ժամանակավոր զինադադարին՝ ասելով, որ իրադարձությունների նման զարգացումը թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը և կրկին հարձակվել: Նրա խոսքերը մեջբերում է պորտուգալական RTP հեռուստաալիքը։
Անտոնիո Կոստան ասել է, որ գնահատում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին բանակցությունների մեջ ներգրավելու ջանքերը։ Միաժամանակ, նա կարծում է, որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները։
«Իրականում, կարևորը արդար և հարատև խաղաղությունն է: Եթե սա է առաջ գնալու ճանապարհը, հիանալի է: Հուսանք, որ այդպես կլինի»,- ասել է Կոստան։
Նա հավելել է, որ հրադադարը, որը թույլ կտա Ռուսաստանին վերակազմավորվել և նորից հարձակվել, ռազմավարական սխալ կլինի:
Ավելի վաղ Կոստան եվրոպական երկրներին կոչ էր արել չթերագնահատել սպառնալիքը, որը գալիս է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է մայրցամաքի բոլոր երկրներին։
