Լոռիում արտակարգ վիճակ է․ առատ ձյան պատճառով էլեկտրասյուներ են ընկել, տարածաշրջանը հոսանքազրկված է․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է․ «Լոռու մարզին բնական պատուհասները հաջորդում են միմյանց։ Մասնավորապես Ալավերդու (նախկին Թումանյանի շրջան) տարածաշրջանում երեկ գիշերվանից աննախադեպ ձյուն է տեղում (ձնածածկույթը տեղ-տեղ հասել է մինչև 30 սմ), ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ Դրա հետ մեկտեղ այսօր առավոտյան՝ 5:15-ին, երկրաշարժ տեղի ունեցավ (մոտ 4 բալ)։
Այս ամենից բացի՝ երեկ ուշ երեկոյան (մոտավորապես գիշերը 1-ից հետո) էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում և հարակից գյուղերում (Օձուն, Այգեհատ, Արդվի, Հագվի)։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձոր-Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան։
Ահա այս պայմաններում լեգիտիմ հարց է առաջանում, թե ո՞նց է կազմակերպվելու դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատանքը, որոնք հիմնականում ջեռուցման կաթսաներով են աշխատում, իսկ դրանք էլ, իրենց հերթին, առանց էլեկտրականության չեն կարող գործել»։
