Ադրբեջանի ՊՆ–ի կեղծ հայտարարությունները որևէ կերպ դրականորեն չեն ազդում մթնոլորտին․ Վահան Կոստանյան
Քաղաքական
Մթնոլորտին Ադրբեջանի ՊՆ–ի կեղծ հայտարարությունները որևէ կերպ դրականորեն չեն ազդում։ Մեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների շուրջ և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ այս պահին հայկական կողմի համար կարևոր է համաձայնագրի ստորագրումը, իսկ վայրի հետ կապված՝ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում։
Հարցին, թե ինչն է խոչընդոտում համաձայնագրի ստորագրմանը՝ Կոստանյանը պատասխանեց․ «Ադրբեջանական կողմը նաև հանրային կերպով է իր մեկնաբանություններով հանդես եկել, որոնց հանրահռչակմամբ զբաղվելու որևէ ցանկություն այս պահին բացարձակապես չունեմ։ ՀՀ–ն կարծում է, որ չկան այս պահին խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման համար»։
Կոստանյանը նշեց, որ ՀՀ-ն կոչ է անում Բաքվին ազատ արձակել ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին։
