Իշխանությունների «պլան մինիմումը» Մարտուն Գրիգորյանի թիմը ջլատելն էր. փաստաբան (տեսանյութ)
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների, ավագանու թեկնածուի և շտաբի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք այսօր՝ մարտի 28-ին, քննվում էին Հակակոռուպցիոն դատարանում, բացահայտ քաղաքական մոտիվներով իրականացվող քաղաքական հետապնդումներ են իշխանությունների կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյանը՝ խոսելով Մարտուն Գրիգորյանի հոր և որդու, ինչպես նաև՝ նույն դաշինքի ավագանու թեկնածուի նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու միջնորդության քաղաքական տողատակերի մասին:
«Քաղաքական մոտիվ կա, հետապնդում կա, և այդ սահմանափակումներով էլ նրանք ցանկանում են բոլոր այն գործիքները, սահմանափակումները դնել, որոնք կզրկեն տվյալ անձանց քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից: Այսինքն՝ նրանց «պլան մինիմումը» դա է եղել, որ գործընթացներից հեռացնեն այս մարդկանց, ջլատեն թիմը», - ընդգծեց փաստաբանը:
Նշենք, որ ավելի ուշ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, և նրա որդին՝ Կարեն Գրիգորյանը, ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ մարտի 27-ի առավոտյան Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ էին սկսվել, որոնց հաջորդեցին ձերբակալություններ: Ձերբակալվել էին «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխել էին Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
