Մեր թրերը դարձան խաչեր. Արտյոմ Հարությունովի ու իր ընկերների շնորհիվ Աջափնյակում բացվեց զոհերի հիշատակին նվիրված խաչքար
ՀասարակությունՄեր թրերը դարձան խաչեր, ահա այս անվանումն է կրում Աջափնյակ վարչական շրջանում բացված եռախաչ համալիրը, որը նվիրված է Արցախյան երեք պատերազմներում զոհված աջափնյակցի հերոսների հիշատակին:
Խաչքար համալիրի կառուցման նախաձեռնությունը պատկանում է Սփյուռքում բնակվող աջափնյակցի Արտյոմ Հարությունովին և իր ընկերներին, ովքեր բնակվում են Սարատովում, Բելգրադում, Գոռլովկայում, Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի կողմից խաչքարի օծման արարողությամբ և օրհնության խոսքով, ապա հայտնի երգիչ Ներսիկ Իսպիրյանի հոգեցունց երգի ներքո ներկաները ծաղիկներ խոնարհեցին համալիրի առջև:
Եռախաչ համալիրի վրա դաջված է Արցախյան առաջին, Ապրիլյան և 44- օրյա պատերազմներում զոհված աջափնյակցի հերոսների անունները՝ նպատակով, որ յուրաքանչյուր ոք, ով այցի կգա խաչքարի մոտ, մեկ առ մեկ կկարդա անմահացած հերոսների անունները և իր խոնարհումը կհայտնի նահատակված տղերքին:
Ձեզ բացակա չենք դնի, դուք երբեք չեք մոռացվի և մշտապես կմնաք մեր սրտերում, սա էր խորհրդանշում երեխաների շապիկները, որոնցում պատկերված էին զինվորների դիմանկարները: