Արտակարգ դեպք «Արմենիա» ԲԿ-ում. Ռուսաստանից բերված կալանավորի ուղեկիցն անկանոն կրակ է բացել Կալաշնիկովից
Այսօր կրակոցներ են հնչել «Արմենիա» բժշկական կենտրոնում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ ժամեր առաջ հիվանդանոց է տեղափոխվել մի կալանավոր. «Ըստ մեր տեղեկությունների՝ մեզ մոտ տեղափոխված կալանավորին Հայաստան են փախցրել Ռուսաստանից: Նրան ուղեկցում էին մի քանի հոգի՝ այդ թվում և նրա եղբայրը: Հենց կալանավորին ուղեկցողներից մեկն էլ արձակել է կրակոցներ, ասում են՝ կրակել է «Կալաշնիկով» տիպի վտանգավոր զենքից»,-մեզ հայտնեց հիվանդանոցի աշխատակցուհին՝ հավելելով, որ այս պահին հիվանդանոց տեղափոխված կալանավորը գտնվում է անոթային բաժանմունքում և պատրաստվում են նրան վիրահատել:
Մենք հիվանդանոցի անոթային բաժանմունքից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք իրենց մոտ տեղափոխված կալանավորը ստացել է հրազենային վիրավորում և արդյո՞ք նրա կյանքին վտանգ է սպառնում: Մեր հարցերը սակայն, անպատասխան մնացին. «Ոչ մի բան չենք կարող ասել, չենք խոսի, քանի դեռ չկա տնօրենի թույլտվությունը»,-ասացին անոթային բաժանմունքից:
Հավելենք, որ հիվանդանոցում անկանոն կրակ բացած անձին ոստիկանները կարողացել են մեկուսացնել, զոհեր և վիրավորներ չկան: