Հումանի՞զմ, թե՞ քաղաքական մանևր
ՔաղաքականԱժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս երաշխավոր է հանդիսացել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի համար:
Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը և նշել, որ սեպտեմբերի 11-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է և ընտրվել անձնական երաշխավորությունը:
Էդմոն Մարուքյանի՝ երաշխավոր հանդիսանալու լուրը համացանցում բուռն քննարկման թեմա դարձավ, շատերն սկսեցին խոսել այն մասին, թե Էդմոն Մարուքյանն այս քայլով փորձում է Հանրապետական կուսակցության վրա տպավորություն գործել, մյուս մասն էլ՝ սա շատ լավ առիթ է համարել Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ օգտագործել որպես հակաքարոզչություն:
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց որևէ մեկնաբանություն ստանալ Էդմոն Մարուքյանից և պարզել, թե որն է նման հումանիստական քայլի պատճառը, սակայն Մարուքյանը, լսելով թեմայի մասին, սկսեց անընդհատ պատճառաբանել, թե զբաղված է:
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այնուհետև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Արմինե Միքայելյան