Զարուհի Մեջլումյանը ստացել է Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը
Հասարակություն23 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Մեջլումյանը:
Նա մի քանի ժամ նախարարության աշխատակիցներից պահանջել է իրեն տրամադրել ներման խնդրագրի պատասխանը:
Մեջլումյանը այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ նշելով, որ դրա վերաբերյալ վաղը հանդես կգա հայտարարությամբ:
Արդեն տեղեկացրել էինք, որ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ ասվում էր՝ ստացվել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և ստորագրվել համապատասխան հրամանագիրը:
Նշենք, որ «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
Սոնա Հարությունյան