Ողջաբերդցիները պնդում են՝ իրենց դիերը կհանեն փլատակներից, մարզպետն ասում է՝ ուղղորդված են Քոչարյանի կողմից
ՀասարակությունԿոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն 200-ից ավելի ավտոմեքենաներով փակել էին Երևան-Գառնի ճանապարհը՝ պահանջելով փոխհատուցում սողանքային գոտում գտնվող իրենց տների համար։ Նրանք նաև հանդիպում էին պահանջում Կոտայքի մարզպետի, կառավարության ներկայացուցիչների հետ։ «Ամեն Աստծո օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը կհանեն փլատակներից»,- ասում են ողջաբերդցիները։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ողջաբերդի համայնքապետ Նորյար Մելքոնյանը փոխանցեց՝ ճանապարհը փակած ողջաբերդցիներն իրենց բնակարանների հատուցում են պահանջում․ «Ճանապարհն արդեն բաց է։ Փոխմարզպետը հանդիպեց բնակիչների հետ, տեղեկացրեց, որ կառավարությունում հարցը կքննարկվի և մինչև ամսի 20-ը խնդրին լուծում կտրվի։ Մարզպետը սրանից 1 ամիս առաջ հանդիպել էր բողոքի ակցիայի մասնակիցների հետ, խոստացել 2 շաբաթում հարցը լուծել, սակայն դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ»,- ասաց համայնքապետը։
Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ նշեց, որ հարցն իր վերահսկողության տակ է․ «Ես հարցում էի արել բոլոր գերատեսչություններին, թե արդյոք ինչ-որ գերատեսչությունում կա՞ փոխհատուցման գործընթաց և պարզեցի՝ ընթացիկ պետբյուջեով որևէ բան նախատեսված չէ: Ամբողջական փաթեթ եմ պատրաստել փոխհատուցման ենթակա շուրջ 106 ընտանիքի տվյալներով և ուղարկեցի Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որպեսզի նա հարցը քննության առարկա դարձնի կառավարության օրակարգում»,- ասաց նա՝ նշելով, որ սպասում է կառավարության պատասխանին։
Մարզպետը նշեց՝ հակված է մտածել, որ ողջաբերդցիների բողոքի ակցիան ուղղորդված է, քանի որ Ողջաբերդի հարցով ինքը բազմիցս հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ․ «Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բազմիցս խոսել ենք, նրանք հասկացել են, որ 30 տարվա խնդիրը մի քանի ամսում հնարավոր չէ լուծել։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ այսքանից հետո հանկարծ որոշում են ճանապարհ փակել։ Ես միտում եմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի և այս բողոքի ակցիայի միջև․ ինչպես դատարանի դիմաց է դրամատիկական զարգացումներ տեղի ունենում, նույն տրամաբանության մեջ էլ ակցիան է։ Քոչարյանի դատավարությանը զուգընթաց տեղի է ունենում քաղաքական սաբոտաժ, քանի որ Քոչարյանը նախկին համակարգի ներկայացուցիչներ ունի մեր սոցիումի տարբեր շերտերում, որոնք կարող են դժգոհության ֆոն ստեղծել՝ բողոքի ակցիաները թեժացնելով տարբեր համայնքներում»,- նշեց մարզպետը։
Ողջաբերդի համայնքապետ Նորայր Մելքոնյանը, սակայն, համաձայն չէ մարզպետի վերջին կարծիքի հետ՝ նշելով, որ նման բան չի նկատել․ «Իբր իրենց խնդիրները լուծեցին, մնաց Քոչարյանի՞ խնդիրը լուծեն»,- ասաց նա։
Սոնա Հարությունյան
Լուսանկարները՝ shamshyan.com-ի