60-70 հայ շարունակում է գիշերել «Դոմոդեդովո»-ում. ինչու են հրաժարվում դեսպանատան ուղարկած սննդից (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր«Մեզ ինքնաթիռ է պետք, որպեսզի հայրենիք վերադառնանք: Մոսկվայում ամեն ինչ փակ է, աշխատանք չկա, այլևս չենք ուզում մնալ», – դժգոհում են մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնք շարունակում են մնալ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` սպասելով հայրենիք մեկնող չվերթի։ Նշենք, որ մոտ 200 ՀՀ քաղաքացիներ գտնվում են հյուրանոցներում և սպասում իրենց թռիչքներին, իսկ մի խումբ հայեր էլ հրաժարվում են տեղափոխվել հյուրանոց՝ գիշերելով օդանավակայանում: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը պատմեց, որ պարբերաբար այցելում է «Դոմոդեդովո»-ում գտնվող հայրենակիցներին, որոնց թիվը գնալով ավելանում է ու հիմա 60-70 անձ գիշերում է օդանավակայնում. «Մարդիկ հրաժարվել են դեսպանատան ուղարկած սննդից այն պատճառով, որ իրենց հասցեին վատ մեկնաբանություններն են տեսել, թե ինչպես են իրենց ձրիակերներ անվանում: Սակայն, երբ շփվում ես նրանց հետ, հասկանում ես, որ ուղղակի այս պահին դժվար վիճակում հայտնված նորմալ մարդիկ են, իսկ դժվար իրավիճակներից եկեք փաստենք, որ ոչ ոք ապահովագրված չէ ու հնարավոր է, որ երբեմն սխալ բան խոսեն»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ թեև դեսպանատունը հայերին առաջարկել է գնալ և մնալ հյուրանոցում, քանի որ քաղաքացիների կուտակումը հակասում է կարանտինային ռեժիմի կանոններին, սակայն հրաժարվում են . «Ինչ-որ մեկն իրենց ասել է՝ եթե գնան, ապա իրենց տոմս չի հասնի, կմնան հաջորդ պլանում: Դրա համար ասում են՝ կմնան օդանավակայանում, որ հենց տոմս լինի, առաջինը իրենք հնարավորություն ունենան Հայաստան մեկնելու: Մարդիկ լարված, նյարդայնացած են ու դրանից օգտվում են որոշ լրագրողներ, բլոգեռներ և իրավիճակն այլ ձևով են ներկայացնում՝ սկանդալային նյութեր ունենալու համար»,- ասաց Մարիամ Հովսեփյանը: Նա նշեց նաև, որ սխալ լուրեր են տարածվում, թե մարդիկ մեկ շաբաթ է օդանավակայանում են, այնինչ մեկ, երկու օր է ինչ այնտեղ են: Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացիներ, որոնցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։ Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթներով 400-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան, որոնցից 60 ուղևոր անվճար է մեկնել Հայաստան: Հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը գրեթե 2000 էր։ Հիշեցնենք, որ նշված չարտերային չվերթներով Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիներն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են մեկուսացման հատուկ վայրեր՝ 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմում անցկացնելու համար։
Սոնա Հարությունյան