Խոստացել էր իր ձեռքով պատրաստած խաչ նվիրել ինձ. անընդհատ սպասումով եմ, որ կզանգեն, կասեն՝ սխալմունք է եղել. մանկության ընկերուհին՝ զոհված Արա Խաչատրյանի մասին
ՀասարակությունԱրան շատ ուրախ, ժպտերես ու կատակասեր էր: Մանկուց գիտեմ նրան ու այդպիսի օր չի եղել, որ տխուր տեսնեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Արա Խաչատրյանի մանկության ընկերուհին՝ Նատալյա Առաքելյանը:
«Ծնված օրից միասին ենք եղել, միասին մեծացել, մանկապարտեզ գնացել, հետո դպրոցական տարիներին իրենք տեղափոխվեցին Երևան, մենք՝ Ռուսաստանի Դաշնություն, բայց մեր շփումը միշտ պահպանվել է: Մանկուց 7 մտերիմ ընկերներ ենք եղել, շփվել ենք հարազատ քույր-եղբոր պես, հիմա մեր շարքից մեկը պակասեց: Արային երբեք չեմ առանձնացրել իմ հարազատ եղբորից, եթե ինչ-որ մեկը տխուր էր լինում, Արան ամեն ինչ անում էր, որպեսզի բարձրացներ դիմացինի տրամադրությունը»,- պատմում է Նատալյան:
Արան ոսկերչություն էր սովորում, երազում էր լավ ոսկերիչ դառնալ. «Խոստացել էր իր ձեռքով պատրաստած խաչ նվիրել ինձ, ավաղ... Արան շատ էր նյարդերիս հետ խաղում, բայց ես նրան շատ եմ սիրում»,- հուզված ասում է ընկերուհին:
Նատալյան նշում է՝ «սիրած աղջիկ ունե՞ս» հարցին Արան միշտ խուսափողական պատասխաններ էր տալիս. «Գաղտնիքները վստահում էր ինձ, բայց այդ հարցում շատ գաղտնապահ էր, չէր սիրում խոսել այդ մասին»:
Արան պատերազմի առաջին օրերին չի զանգել, հարազատները շատ անհանգիստ են եղել, հետո սկսել է զանգել, վերջին անգամ էլ խոսել է մայրիկի հետ:
Արան ոտքից է վնասվածք ստացել, բայց դա նրան չի խանգարել օգնել ծառայակից ընկերներին ու հետո խոստացել է ապաքինվելուն պես վերադառնալ նրանց մոտ:
«Չեմ հավատում, որ Արան էլ չկա, անընդհատ սպասումով եմ, որ կզանգեն, կասեն՝ սխալմունք է եղել»,- հույսով ասում է Նատալյան:
Նշենք, որ հերոսը Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքից էր, բանակ էր զորակոչվել հունվարի 15-ին, իսկ 2 օրից կդառնար 19 տարեկան:
Արփինե Հակոբյան