Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 4. Բարսեղ Բեգլարյան
АналитическийԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:
Դիցուք՝ Բարսեղ Բեգլարյանը, կամ Ֆլեշի Բարսեղը, ով Հայաստանում բենզին ներկրելու երկար տարիների մոնոպոլիան էր վայելում: Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բեգլարյանը մերժել է Ծաղկաձորում իր հյուրանոցներից մեկն արցախցի փախստականներին տրամադրելու խնդրանքը՝ պատճառաբանելով, թե տեղ չկա:
Եվ դա մի դեպքում, երբ 1988թ. Բարսեղ Բեգլարյանը հանդիսացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից: 1991-1993թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի ինքնապաշպանական միավորումների կազմակերպիչ (Երևանի Ժող.Տնտեսության Ինստիտուտում): 1994-1996 թթ. նշանակվել է ՀՀ Պաշպանության Նախարարության Գլխավոր վարչության պետի տեղակալ: 1995թ-ին հիմնել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, իսկ 2002թ.-ին՝ «ՂԱՐԱԲԱՂ ԳՈԼԴ» ընկերությունը, տեխնիկապես վերազինելով և հագեցնելով Արցախի երկու խոշորագույն գինեգործական գործարանները, որոնք հիմնվել էին դեռևս 1927 և 1964 թթ.: 2004 թ.–ին Արցախում հիմնադրվել է «ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է իրեն: Պարգևատրվել է ԼՂ նախագահի կողմից «Երախտագիտության» մեդալով: 2008թ-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով:
Սակայն, այս ամենը մինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Պատերազմի օրերին խոշոր նվիրատվություն անողների ցանկում նրա անունը չի հնչել։ Հնարավոր է՝ փոխանցումն անանուն է եղել ու չի ցանկացել բարձրաձայնել դրա մասին։ Հնարավոր է, որ փոխանցում չի արել։ Եվ ուրեմն՝ հասարակությունը իրավունք ունի իմանալու-ճանաչելու բոլոր այն ծագումով ղարաբաղցիներին, որոնք իսկապես միլիոնատերեր են դարձել այս տարիներին, բայց 44-օրյային չեն կամեցել իրենց ունեցվածքի կեսից պակասը նվիրաբերել Արցախին։ Մինչդեռ օրինակ 2017-ի հեռուստամարաթոնի ընթացքում նրա ղեկավարած «Ֆլեշ» ընկերությունը $100.000 էր փոխանցել «Հայաստան» հիմնադրամին:
Փաստացի, այսօր Բարսեղ Բեգլարյանի արցախյան բիզնեսները կորել են, չկան, շուտով կհայաթափվի նաև նրա ծննդավայրը՝ Արցախը: Մինչդեռ, փոխարենը նեցուկ կանգնելու և ապացուցելու, որ ժամանակին ԼՂ ղեկավարության կողմից իրեն տրված մեդալները պարզապես զարդ չեն՝ նա այսօր լռում է, դեռ մի բան էլ մերժում է օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող արցախցիներին:
Շարունակելի...