«Հայրենասիրություն խաղալու և փող աշխատելու այլ տեղ գտեք»․ Թաթուլ Հակոբյան
БлогосфераԼրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«2016-ի այս օրը Ադրբեջանը սկսեց մինի-պատերազմ և հասավ որոշակի հաջողությունների՝ ծանր զոհերի գնով: Ցավալի կորուստներ ու թանկագին զոհեր տվեց նաև հայկական կողմը:
Չթերագնահատելով Հայկական բանակի անձնազոհությունը, պիտի հասկանանք նաև, որ Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը, որպեսզի հավանաբար Հայաստանը համաձայնվի Լավրովի պլանի հետ:
2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք, հետագայում խոստովանեց Արցախի ԱԺ նախագահը:
Ասել է՝ Կարս-Կարսի փոխարեն Շուշի-Շուշի, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու, եթե չգնանք զիջումների ու փոխզիջումների:
Ինքը՝ Սերժը, հետագայում պիտի Բի ԲԻ Սիին ասեր, թե իբր պատրաստ է եղել դավաճանի պիտակը կրել, բայց լուծում բերեր Լեռնային Ղարաբաղին:
Այս ամենը քաղաքական առումով արժեք չունեն, քանի որ պարտությունից հետո խոստովանություններ ու արդարացումներ են հանցավոր անգործության մասին:
Արմատը տանում է 1997-1998-ի հանցավոր հեղաշրջում, որի դավադիր նախապատրաստողներին և իրագործողներին գիտենք անուն առ անուն, որոնք կանգնելու են Հայոց պատմության պատասխանատվության պատի տակ:
Կանգնելու են նաև 2020-ի պարտության մեղավորներն ու պատասխանատուները:
Այսօր Հայաստանն է կանգնած նոր վտանգների առաջ:
Սթափություն և իմաստություն՝ Արցախի ժողովրդի վերջին ողբերգության հաշվին փողի ինդուստրիա մտմտող անբարոյականության փոխարեն:
Նրանք, ովքեր ասում էին Արցախի հարց չկա, Արցախի հարցը լուծվել է, հենց նրանք են լծվել այդ անբարոյականության կառքին:
Հայրենասիրություն խաղալու և փող աշխատելու այլ տեղ գտեք, հատկապես, երբ վտանգված է Հայաստանի ապագան, այնպես, ինչպես ժամանակին վտանգված էր Արցախի ապագան, բայց դուք հարցը լուծված էիք համարում»: