«Տավուշի գյուղերի հանձնման դեպքում վտանգվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը. Բաքուն կարող է հանդես գալ գազամուղը գնելու նախաձեռնությամբ»
БлогосфераԷներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խնդիրը միայն նրանում չէ, որ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում վտանգվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը:
Խնդիրը նրանում է, որ այդ սցենարի կյանքի կոչման դեպքում մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է հանդես գալ Մոզդոկ-Թբիլիսի (Հյուսիսային) գազամուղը գնելու նախաձեռնությամբ:
Վերջինիս նախադրյալները առկա են:
Հիշեցնեմ, որ դեռևս 2011 թ.-ին Վրաստանի կառավարությունը իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ցանկից հանեց Մոզդոկ-Թբիլիսի գազամուղն ու հայտարարեց այն վաճառքի հանելու մասին: Առաջիններից մեկը գազամուղը գնելու պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական SOCAR-ը՝ պատրաստ լինելով շուկայականից բարձր գին վճարել դրա համար: Գործընթացը, սակայն, կասեցվեց, այդ թվում՝ Երևանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ:
Այսօր, երբ Երևանը հանդես է գալիս տոտալ զիջողական-պարտվողական դիրքերից ու, մասնավորապես, անկաշկանդ կերպով դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փաստացի փոխանցելու պատրաստակամությունը, պետք չէ բացառել, որ Բաքուն, գործի դնելով իր ազդեցության լծակները Վրաստանում, ինչ-որ պահի դառնա Հյուսիսային գազամուղի վրացական հատվածի սեփականատերը:
Իսկ դա կնշանակի արդեն դե-յուրե ենթակառուցվքածքային կախվածություն Ադրբեջանից»: