Չորս աղմկահարույց փաստ Սյունիքի միջադեպից. Նիկոլ Փաշինյանը դեմ է Կոստանյանի թեկնածությանը
Քաղաքական
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Գլխավոր դատախազի նշանակման հարցը:
Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Գևուրգ Կոստանյանին Հայաստանի դատախազի թեկնածու առաջադրելու մասին ամենատպավորիչ մեկնաբանությունը լսել եմ փաստաբանների մի խմբում: Նրանք ասում էին. «Երբ մտածում էին, թե Սերժ Սարգսյանը ում կարող է գլխավոր դատախազի թեկանածու առաջադրել, որ Աղվան Հովսեփյանից ավելի վատ լինի, եզրակացությունը միանշանակ էր. դա կարող է լինել միայն Գևորգ Կոստանյանը»:
Ինձ համար խնդիր էր, իհարկե, հասկանալ, թե որքան է օբյեկտիվ նման գնահատականը մի մարդու հասցեին, ում մասին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ են դիֆերանտներ ձոնում, նրանք տպավորված են թերևս նրանով, որ Կոստանյանը դիպլոմ ունի Նոթինգհեմի համալսարանից, բայց ասված է` ծառը պտուղից են ճանաչում, և Կոստանյանի դատախազական կերպարն ընկալելու համար նախ պետք է ուսունասիրել պտուղները, որ նա տվել է Հայաստանի Զինվորական դատախազ լինելու այս ընթացքում:
Այդպիսի ամենահայտնի պտուղը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածի նախաքննությունն էր, և այդ պտուղից վատ հոտ է փչում:
Կոստանյանը, որ պիտի վերահսկեր գործի նախաքննությունը` որպես զինվորական դատախազ, դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հայտարարություններ, պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել, արյունահեղության ողջ ընթացքում: Սրանից հետո կարծիքներ են հնչել, թե Կոստանյանը նպատակ է հետապնդել 2013-ի հունիսի 1-ի գորիսյան արյունոտ գիշերվա դեպքերից դուրս դնել Սերժ Սարգսյանի հովանավորյալ Սուրիկ Խաչատրյանին:
Հիմա հարց` կա՞ն արդյոք փաստեր, որ վկայում են այս մասին: Ելույթիս ընթացքում կներկայացնեմ այդպիսի 4 փաստ:
Փաստ առաջին. Դեպքի վայրում կյանքից զրկված Ավետքիք Բուդաղյանի ստացած ամենածանր վնասվածքը, որ քրգործում անվանվում է թիվ մեկ վնասվածք, ըստ փորձաքննության` ունի վերևից ներքև ուղղություն։ Ենթադրվում է, որ սույն վնասվածքը հասցվել է մի անձի կողմից, ով կրակոց է արձակել վերևից, ասենք` երկրորդ հարկից կամ տանիքից: Հատուկ կարևորություն է ստանում այն, որ ժամանակագրական առումով սա Բուդաղյանի ստացած վերջին վնասվածքն է, որից հետո արդեն, ըստ դատաբժշկական փորձաքննության, նա այլևս չէր կարող նպատակաուղված գործողություն կատարել, և որից հետո, ըստ տեսագրությունների, հայտնվում է գետնին:
Փաստ երկրորդ. Նախաքննությունը հաստատված է համարել այն, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ մեկ վնասվածքը Ավետիք Բուդաղյանին հասցրել են Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանն ու թիկնապահ Զարզանդը: Գևորգ Կոստանյանի` երեկ իմ հարցին տված պատասխանով սակայն, հաստատվեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել Բուդաղյանի ստացած 4 հրազենային վնասվածքներից որ մեկը կոնկրետ ով է հասցրել, որ պահին, որ դիրքով:
Պատշաճ նույնականացումը կպարզեր, որ ի տարբերություն մյուս վնասվածքների` թիվ մեկ վնասվածքը, որ, ըստ էության, դարձել է Բուդաղյանի մահվան հիմանկան պատճառ, չէին կարող հասցված լինել ո'չ Տիգրան Խաչատրյանից, ո'չ Զարզանդ Նիկողոսյանի կողմից, որովհետև գործի նյութերի համաձայն` դեպքերի ողջ ընթացքում նրանք եղել են տան բակում, Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթություն-բարձրության վրա, և չէին կարող կրակել այնպես, որ Բուդաղյանը ստանար վերևից ներքև վնասվածք:
Փաստ երրորդ. Եթե հիշում եք, դեպքից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանենք տարածեցին իրենց տան տեսախցիկների տեսագրությունը` հիմնավորելու համար դեպքերի իրենց վարկածը: Տարօրինակ է սակայն, որ տարածվեց տեսագրության անձայն տարբերակը. սա չէր կարող պատահականություն լինել: Ուշադրությամբ զննելով ահա տեսագրության` ձայն ունեցող տարբերակը, կարձանագրենք արտառոց մի փաստ, որ կարող է լրջորեն հիմք դառնալ` քննարկելու այն փաստը, թե Սուրիկ Խաչատրյանն իրադարձությունների պիկին քնած չի եղել:
Տեսագրությունների ժամը 23.07.55-ից երևում է, որ Ավետիք Բուդաղյանը դեպի Խաչատրյանների տան մուտքն է վազում Տիգրան Խաչատրյանի և Զարզանդի ետևից, ովքեր մարդկանց խմբի հետ նահանջում են: Բայց 23.08.05-ին տեղի է ունենում անսպասելի մի բան. Բուդաղյանը շրջվում է և ետ է դառնում, մի քանի մետր հակառակ ուղղությամբ քայլելուց հետո էլ ստանում է ճակատագրական թիվ մեկ վնասվածքը:
Տեսագրության ձայն ունեցող տարբերակի ուշադիր զննությունը յուրաքանչյուրի համար ակնհայտ կդարձնի, որ 23.08.04-ին ինչ-որ մեկը ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին, գոռալով` Ավետ, հենց այս կանչը լսելով է Բուդաղյանը ետ դառնում: Նախաքննության մարմինը չի պարզել` ով է կանչողը: Կոստանյանը երեկ, իմ հարցին ի պատասխան, ասում է` էական չէ, թե ով է կանչողը: Ես պնդում եմ, որ էական է, որովհետև եթե պարզվի, որ Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա շատ հավանական է թվում, իրադարձությունների մասին Կոստանյանի առաջարկած վարկածը` Խաչատրյանի` քնած լինելու մասին, գլխովին կջախջախվի:
Փաստ չորրոդ. Տեսագրության մեջ 23.08.10-ին տեսնում ենք կայծեր ասֆալտի վրա` Բուդաղյանի դիմաց: Չի բացառվում, որ այդ կայծերն առաջացել են Բուդաղյանին թիվ մեկ վնասվածք հասցրած կրակոցի երկվորյակ կրակոցից: Թերևս, փամփուշտներից մեկը կպել է Բուդաղյանին` պատճառելով թիվ մեկ վնասվածքը, իսկ մյուսը, բախվելով ասֆալտին, ետադարձ կայծեր է հարուցել. ուրեմն կրակոցը կրկին հնչել է վերևից` մեծ անկյան տակ:
Հարց, արդյոք ասֆալտի կայծեր հարուցած այդ հատվածը զննությա՞ն է ենթարկվել: Պարզվում է` նախաքննության մարմինն ասֆալտի վրա հրազենային բնույթի վնասվածք չի հայտնաբերել:
Քննիչ Ղազարյանը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ դա բացատրում է հետևյալ կերպ.
«Ասֆալտապատ ճանապարհի տվյալ տեղամասը երթևեկելի հատվածում է, ինչի հետևանքով վնասվածքը կարող է պահպանված չլինել, բազմաթիվ օտար ներգործությունների հետևանքով, ենթարկվելով հնարավոր ձևաչափային և կառուցվածքային փոփոխությունների»:
Այսինքն` վնասվածքը նախաքննության ընթացքում անհետացել է։ Այսպիսով` վերը նշված փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը վարող մարմինը` զինդատախազ, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է` շրջանցելու, լղոզելու համար այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել այն վարկածը, թե 2013-ի հունիսի մեկին Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, նույն փաստերը կարող էին նաև վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարությամբ, այլ` Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու փաստի հետ:
Տիկնայք և պարոնայք, իրավական երկրում այսպիսի փաստերի առկայությամբ Կոստանյանին ոչ թե ՀՀ գլխավոր Դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ զինդատախազի նրա պաշտոնավարումը կկասեցնեին և կքննարկեին որպես կասկածյալ ներգրավելու հարցը, բայց ունենք այն, ինչ ունենք, և ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի` Նոթինգհեմի դիպլոմով տեսակը:
Եվ ուրեմն, ես դեմ եմ քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը` վերընշված պատճառներով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն