ՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրը
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը խստորեն քննադատել է կազմակերպության՝ Աշխարհի առաջնության անցկացման համար դուստր ընկերություն ստեղծելու և արտաքին ներդրողներին իրավունքների մի մասը վաճառելու ծրագրերը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։
Ավելի վաղ հեղինակավոր The Times պարբերականը հայտնել էր, որ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է նոր ընկերությունում բաժնեմաս վաճառել, որն էլ հենց վերահսկելու է Աշխարհի առաջնությունը: ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում արդեն հաստատել է FIFA Forward Enterprise (FFE) ընկերության ստեղծման ծրագրերը. այն կմիավորի կազմակերպության կոմերցիոն, ինչպես նաև մրցաշարերի կազմակերպման ողջ գործունեությունը:
«Ֆուտբոլը չի պատկանում ոչ մի մարդու կամ կազմակերպության: Այն պատկանում է ժողովրդին: Եթե ՖԻՖԱ-ն վերածվի շահույթ հետապնդող կոմերցիոն կառույցի, այն կկորցնի իր հոգին։
Աշխարհի առաջնությունը կոմերցիոն ակտիվ չէ, որը պատկանում է մի բուռ ղեկավարների։ Այն համաշխարհային ֆուտբոլի մշակութային ժառանգության անբաժանելի մասն է։
ՖԻՖԱ-ն Աշխարհի գավաթի պահապանն է, ոչ թե սեփականատերը: Այստեղ սկզբունքային տարբերություն կա, և այս սկզբունքը երբեք չպետք է խախտվի: Շահույթ պետք է ստանա բուն խաղը՝ սիրողական ֆուտբոլից մինչև միջազգային բարձրագույն մակարդակ, այլ ոչ թե շահույթ փնտրող կողմնակի ներդրողները»,- Բլատերի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Ինքը՝ ՖԻՖԱ-ն, ներդրողներին հրավիրել է ձեռք բերելու «փոքրամասնական՝ ոչ վերահսկիչ բաժնետոմսեր» FFE-ում։ Միևնույն ժամանակ, գլխավոր ֆուտբոլային կառույցն ընդգծել է, որ պահպանելու է ընկերության նկատմամբ բացառիկ վերահսկողությունը, ինչպես նաև «բացառիկ լիազորություններ՝ կապված ֆուտբոլի կառավարման, մրցաշարերի, խաղացանկի կազմման և բոլոր նորմատիվ ու մարզական որոշումների հետ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն