Բրազիլացի եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը
Աշխարհ
Ռաֆայելա, Ռոշել և Տագիան Բինի եռյակ քույրերը՝ Բրազիլիայի Պասու Ֆունդու քաղաքից, ամուսնացել են նույն օրը՝ անցկացնելով համատեղ հարսանեկան աարարողություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Daily Mail-ը:
29-ամյա հարսնացուները հագել են գրեթե նույնական հարսանեկան զգեստներ և նախապատվությունը տվել միատեսակ սանրվածքների և դիմահարդարման: Նրանց փեսացուները նույնպես հագել են միատեսակ կոստյումներ և ներկայացել են նման սանրվածքներով:
Ինչպես պատմել են եռվորյակների ապագա ամուսինները, նրանք վախեցել են եկեղեցու բեմի մոտ շփոթել ապագա կողակիցներին, սակայն նրանց հաջողվել է խուսափել դրանից:
«Ես իսկույն նկատեցի, թե եկեղեցի մտած քույրերից որն է իմ հարսնացուն, որովհետև նա երեքից ամենագեղեցիկն էր»,- հայտնել է նորապսակներից մեկը:
Երիտասարդները նաև գանգատվել են, որ մինչև հարսանիքը եռվորյակները հաճախ են կատակել՝ սիրած տղաներին ներկայանալով մեկը մյուսի փոխարեն:
The Daily Mail-ը գրում է, որ քույրերը միշտ հաշտ են եղել և միահամուռ նախապատվությունը տվել են ամուսնության ընդհանուր արարողությանը: Թե ինչպես է եռվորյակներին հաջողվել ձեռքի և սրտի առաջարկություն ստանալ մոտավորապես նույն ժամանակ, հրատարակությունը չի ճշտում:
Լուսանկարը' world@bbc news-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ