ՆԱՏՕ–ն՝ Պուտինի ուղերձի մասին. սպառնալիքներն անընդունելի են
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին ուղղված ուղերձում սպառնալիքներ կային ՆԱՏՕ–ի անդամների հասցեին, և դա անընդունելի է։ Այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։
«Ռուսաստանի հայտարարություններն անընդունելի և հակաարդյունավետ են։ Մենք բազմիցս հասկացրել ենք, որ ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Մեր համակարգը պաշտպանում է եվրաատլանտյան տարածքում բաց թողնված բալիստիկ հրթիռներից»,– ասվում է հայտարարության մեջ, որ հրապարակել է Reuters-ը։
«Մենք նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների մրցավազք չենք ուզում»,– ընդգծել է մամլո քարտուղարը։ Լունգեսկուն նաև նշել է, որ ՆԱՏՕ–ն պատրաստ է ապահովել միության բոլոր անդամների և դաշնակիցների անվտանգությունը բոլոր տեսակի սպառնալիքներից։
Ինչպես նշում է Reuters-ը, ՆԱՏՕ–ում հատուկ ուշադրություն են դարձրել Պուտինի ելույթի հետևյալ հատվածին. «Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ միջուկային զենքի ցանկացած կիրառում՝ փոքր, միջին, ինչ հզորության էլ որ լինի, մենք կդիտարկենք որպես մեր երկրի վրա միջուկային հարձակում։ Պատասխանը կլինի ակնթարթային՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Թե ինչ երկրներ է Պուտինը նկատի ունեցել Ռուսաստանի դաշնակիցներ ասելով, չի մանրամասնվում։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ