Կրակոտ երիտասարդի հետքերով. Ռուզան Ազիզյանն ազատվեց պաշտոնից
ՔաղաքականԵրեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը քիչ առաջ աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 5-ին դպրոցում տեղի ունեցած ժողովի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ դիմումը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընթացք տալու համար: «Ես խոսել եմ քաղաքապետի հետ: Նրա համաձայնությունը ևս կա: Եթե դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները չեն ընկալում, չեն ուզում այդ տնօրենին, ուրեմն նա չի աշխատի»,-ասաց նա:
Ստեփանյանը ցավով արձանագրեց, որ դպրոցի մանկավարժական կազմը չի ուզում աշխատել տնօրենի հետ: «Ես լսել եմ բոլոր դժգոհությունները: Այսօր ինձ համար, որպես մանկավարժի ցավալի է, երբ հզոր մանկավարժական ուժը կարող է կանգնել և հրաժարվել աշխատել: Ես գտնում եմ, որ եթե տնօրենը սիրված չէ, նա չպետք է աշխատի»,-հավելեց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում դասադուլ է, քաղաքացիները պահանջում էին տնօրենի հրաժարականը և պնդում, թե նա անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին:
Նրանց խոսքով՝ դպրոցի տնօրեն Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը