Մասիսի քաղաքապետը կալանավորվեց
Հայաստան
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»։
Հիշեցնենք, 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել: Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)