Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
ԱշխարհՓարիզին մերձակա Լե Լիլա քաղաքում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ ելույթներով հանդես են եկել Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա են եղել Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչել են հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։