Տեղացի եւ եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին օրերին տեղացի եւ եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ։ Անցած շաբաթ ՔՊ-ականների հետ մարզ էին այցելել Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները, այս շաբաթ-կիրակի ՔՊ-ական պատգամավորներն էին Սյունիքում եւ քաղհասարակության սորոսական թեւի ներկայացուցիչները՝ Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան։
Իսկ երեկ էլ եռօրյա այցով Սյունիքում էին գտնվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։ Այցը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Այն ներառում է այցելություն Կապանի, Գորիսի, Վերիշենի կանանց ռեսուրսային կենտրոններ։ Այս հանդիպումներին նախատեսվում է նաեւ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ներկայությունը։
Սյունիքում վախեցած հիշում են, որ մարզի նկատմամբ այսպիսի աննախադեպ հետաքրքրություն էր նաեւ Սեւ լճի տարածք ադրբեջանցիների ներխուժման օրերին»: