Իրավապահ համակարգում կոալիցիաներ են ձեւավորվել եւ պատերազմ հայտարարել Արթուր Դավթյանին․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձեւավորվել եւ, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը:
Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական մարմին փորձում են այնպես անել, որ գլխավոր դատախազը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, որը սեպտեմբերին է լինելու, չպաշտոնավարի, այլ ավելի շուտ լքի պաշտոնը, իսկ, ահա, դատախազությունը կռիվ է տալիս: Թե ինչով կավարտվի իրավապահ համակարգում առաջացած այս կռիվը, ցույց կտա ժամանակը»: