Հիմնովին ավիրված տներ, վնասված դպրոց ու վարչական շենք․ Վարդենիսում գնահատել են վերջին ագրեսիայի հետևանքները
Հայկական ՄամուլՍեպտեմբերի 12-13-ը ադրբեջանական զինուժի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մի քանի համայնքներ՝ Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա, Կուտական, դարձան թշնամու թիրախ։ Սահմանամերձ գյուղերից տարհանվեցին մարդիկ, պատճառվեց նյութական ահռելի վնաս։
Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նշել էր, որ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, որպեսզի կառավարությունը փոխհատուցի նշյալ համայնքներում պատճառված վնասը։
Հարցին, թե որքա՞ն է կազմում ընդհանուր վնասի չափը, ըստ կատարված ուսումնասիրությունների, Վարդենիսի համայնքապետարանից մանրամասնեցին հետևյալը․
«Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքուվ Սոթքում վնասվել է 142 բնակարան, որից 8-ը՝ հիմնովին ավիրվել է, վնասվել է 2 խանութ, որից մեկը՝ հիմնովին ավիրվել է։ Վնասվել են նաև Սոթքի դպրոցի շենքը ու վարչական ղեկավարի նստավայրը»։
Համայնքապետարանից մեզ ներկայացրեցին նաև, որ Կութում վնասվել է 10 բնակարան, ինչպես նաև վարչական ղեկավարի նստավայրը ու մի ջերմոց։
«Վերին Շորժայում վնասվել է 2 բնակարան։ Այս բոլոր համայնքներում ընդանուր վնասը կազմում է մոտավոր 300 միլիոն դրամ»,-հավելեցին Վարդենիսի քաղաքապետարանից։
Արա Ալոյան