«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների։ Չնայած սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ եղան, բայց, դրանց արդյունքներով, անցողիկ շեմը՝ «50+1» ձայն, չի հաղթահարել ոչ մի ուժ, որ իշխանություն ձեւավորվի։ Արդեն ակնհայտ է, որ այդ 5 ուժերը չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, կոալիցիա կազմել ու իշխանություն ձեւավորել։
Ավելին, Սիսիանից մեզ ասացին, որ նոր ընտրությունը գրեթե բոլորի սրտով է, բոլոր դերակատարները հակված են գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը վաղաժամ պետք է դադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները․ ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»։
Այս դեպքում, մինչեւ նոր ավագանու ընտրվելը, վարչապետի որոշմամբ նշանակվում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում»։