Բիշքեկը ՀԱՊԿ-ին կոչ է արել հայտարարություն ընդունել սահմանին ներխուժումները կանխելու համար
ԱշխարհՀոկտեմբերի 7-ին Ղրղզստանի Հանրապետության փոխարտգործնախարար Նուրան Նիյազալիևը կոչ է արել ՀԱՊԿ-ին փոխել կանոնադրական փաստաթղթերը՝ զինված բախումները կանխելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Երեւանում ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխնախարարը խոսել է ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունների հետեւանքների մասին։
«Նա կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ Այս համատեքստում առաջարկվել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում» ,- ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, պատվիրակությունները քննարկել են մի շարք կարևոր փաստաթղթեր և մտքեր են փոխանակել անվտանգության արդի հարցերի շուրջ։