Բլինքենը զանգահարել է Ալիևին
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների շուրջ բանակցությունների կարևորությունը»։
Ըստ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ Բլինքենը երախտագիտություն է հայտնել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված դրական քայլերի համար, այդ թվում՝ երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների վերջին ուղիղ բանակցությունների համար։
Պետքարտուղարը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել «ժամանակային և չափելի» քայլերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Բլինքենը նաև վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնման և նույնականացման, ռազմագերիների վերադարձի և այլ հարցերում:
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը և երկու կողմերի կողմից հրադադարի ռեժիմը հարգելու ու բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ: