Ի՞նչ կարող ենք անել` երկիրը փրկելու համար, երբ փրկելու ուժ ունեցող միակ միավորը` ժողովուրդը, չի ցանկանում ոչինչ անել․ Մարտիրոսյան
Քաղաքական
Երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Բլինքենը կրկին ընդգծել են Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։
Բացի այդ, նախօրեին իր աշխատանքները սկսեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որտեղ քննարկման առարկա դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հարցը, Վեհաժողովի առանձին պատվիրակները դատապարտեցին Բաքվի վերջին ագրեսիան։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենը բավարար է կամ լավատեսություն կարող է ներշնչել հայկական կողմի համար, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց հետևյալը․
«Ոչ, բավարար չէ բնականաբար, բայց լավատեսության տեղ, այո, թողնում է: Ինչու՞: Որովհետև, երբ երկրի ղեկավարությունը ամեն բան գիտակցելով անում է, որպեսզի սեփական երկիրը հանձնվի թշնամուն, որևէ բան չի կարող պաշտպանել այդ երկրին: Բայց մյուս կողմից` Հայաստանում ԱՄՆ-ը շահեր ունի և ելնելով սեփական շահերից` պաշտպանում է Հայաստանին: Դա տիտանական աշխատանք է Նահանգների համար, հենց նույն այն պատճառով, որ երկիրը գտնվում է դավաճանների ձեռքում, բայց, չնայած դրան` ԱՄՆ-ը դեռևս կարողանում է պահպանել Հայաստանը: Այդ առումով լավատեսության տեղ, այո´, կա»։
Քաղաքական ընդդիմադիր գործչի խոսքով՝ բոլոր այն քայլերը, որ կարելի է և հնարավոր է նախաձեռնել` ինքը նախաձեռնել է և հրապարակայնորեն արել է։
«Եվ ուրիշ ի՞նչ կարող ենք անել` երկիրը փրկելու համար, երբ փրկելու ուժ ունեցող միակ միավորը` ժողովուրդը, չի ցանկանում ոչինչ անել: Ոչինչ: Հայ ժողովուրդը որոշել է ինքնասպանվել: Եվ այդ հարցում շատ վճռական է: Իմ ողջամիտ քայլը՝ շարունակել մտածելն է, խոսելն է ժողովրդի հետ և հուսալը, որ ինչ-որ հրաշքով մեզ կհաջողվի ազատվել մեր սեփական խորագույն արատներից` անտարբերությունից, անկամությունից, անարժանապատվությունից, ծայրահեղ հանդուրժողականությունից, ստրկամտությունից, ծուլությունից, տգիտությունից և բռնել ելքի ճամփան»,-շեշտեց Մարտիրոսյանը։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից