«Ժողովուրդ». Ստուգումներ են իրականացվել Մալաթիայի տոնավաճառում. ինչ սպասել
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների շարք է սկսել երեւանյան տոնավաճառներում: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեսչական մարմինը նորից ստուգումներ է իրականացրել:
Այժմ ստուգման արդյունքներն ամփոփման փուլում են, առաջիկա օրերին հայտնի կլինի՝ «Սուրմալու»-ն փակվելու է, թե շարունակելու է աշխատել: Չի բացառվում, որ դադարեցվի առեւտրի կենտրոնի գործունեությունը:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումներ իրականացվել են նաեւ Մալաթիայի տոնավաճառում: Տեսչական մարմնից փոխանցեցին, որ բոլոր այն օբյեկտները, որոնք 2021 թվականին ստուգվել են, կարգադրագրի ժամկետները լրացել են, տեսչական մարմինը նորից ստուգում է իրականացնում: Շուտով կստուգվեն նաեւ մյուս առեւտրի կետերը, այդ թվում՝ «Գնունի» շուկան: Նշենք, որ ավարտվել են «Փեթակ» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումները, ինչի արդյունքում գործունեության դադարեցման որոշում է կայացվել»: