ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
ՀայաստանՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։
ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։